ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում
27 / 11 / 2025
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ՄԱԿ-կանայք կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում:
ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի գործընկերներ,
Մեծ պատիվ է հանդես գալ այս պատվավոր լսարանի առաջ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք խթանել կանանց մասնակցությունը զինված ուժերում և զինված ուժերից դուրս։ Այս հարցը փոխկապակցված է ազգային անվտանգության, ժողովրդավարական արժեքների և մարդու հիմնարար իրավունքների հարցերի հետ։ Նախքան խոսքս շարունակելը, ցանկանում եմ երախտագիտություն արտահայտել ՄԱԿ-կանայք կազմակերպությանը (UN Women), ՆԱՏՕ-ին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցներում ծառայություն իրականացնող բոլոր կանանց։
21-րդ դարի անվտանգությունը պահանջում է բոլոր քաղաքացիների՝ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց կարողությունների համատեղումը և փոխլրացումը. Ժամանակակից անվտանգային կառույցներին անհրաժեշտ են բազմազան կարողություններ՝ մշակութային զգայունություն, լեզվական կարողություն, կիբեռանվտանգության ոլորտի հմտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, հոգեբանական և սոցիալական ընկալում, ինչպես նաև տեղական համայնքների հետ իմաստալից հաղորդակցվելու ունակություն։ Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զինված ուժերում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները և վերջիններս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները։ Այդ իսկ պատճառով Հայաստանի համար կանանց ներգրավումը անվտանգության համակարգում, մասնավորապես՝ Զինված ուժերում չի համարվում միայն խորհրդանշական քայլ, այլ հանդիսանում է ռազմավարական անհրաժեշտություն։
Չնայած զգալի առաջընթացին՝ մենք գիտակցում ենք, որ կանայք դեռևս մնում են փոքրամասնություն պաշտպանության և անվտանգության ոլորտում, հատկապես՝ ղեկավար պաշտոններում։ Կանանց դերակատարությունը խթանելու և ավելի ընդգրկուն հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում։ Դրա կարևոր օրինակներից է կանանց կամավոր վեցամսյա ժամկետային զինվորական ծառայության զորակոչելը, որը 18–27 տարեկան կանանց հնարավորություն է տալիս անցնել զինվորական պատրաստություն և ծառայությունը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ մոտ 2500 եվրո պատվո վճար։
Հայաստանում կանանց ծառայության կոնկրետ օրինակներից մեկը կանանց գումարտակի ձևավորումն է, որը ամբողջությամբ բաղկացած է կին զինծառայողներից: Հատկանաշական է, որ գումարտակի համար ստեղծվել են առանձին պայամններ և զարգացած ենթակառուցվածք ծառայությունը հավուր պատշաճին կազմակերպելու և լավ արդյունքներ գրանցելու համար: Այստեղ է կազմակերպվում նաև կամավոր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված կանանց ծառայությունը։ Ցանկանում եմ նաև ընդգծել հայ կին զինծառայողների մասնակցությունը արտերկրում խաղաղապահ առաքելություններին, որով ամրապնդվում է Հայաստանի ներդրումը գլոբալ խաղաղության և անվտանգության ապահովման գործում։
Կանանց ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնվել է մի շարք նոր մասնագիտական դաշտերում՝ ռազմաբժշկական, կապի և վերահսկման, լոգիստիկայի, ռազմական կրթության ոլորտներում և հետախուզության որոշ օղակներում։
Զինված ուժերից դուրս կա նաև ներառականության ավելի լայն մշակույթ Հայաստանի անվտանգային համակարգում։ Այսօր կանայք զբաղեցնում են Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության և արդարադատության ոլորտում ամենաբարձր պաշտոններից մի քանիսը, օրինակ՝ Ներքին գործերի նախարարը, Արդարադատության նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, ինչպես նաև Գլխավոր դատախազը: Այս օրինակները ցույց են տալիս, որ անվտանգային կառավարման ոլորտում առաջընթաց ունենք, սակայն նաև արձանագրում ենք, որ մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, որպեսզի ցանկալի արդյունքի հասնենք: Համոզված եմ, որ կին բարձրաստիճան պաշտոնյանները ոգևորում են բազմաթիվ աղջիկների և նաև ցույց են տալիս, որ հնարավորություն կա: Կին առաջնորդներն իրենց օրինակով երիտասարդ աղջիկների երազանքների դաշտն ընդլայնում են, և սա մեզ ավելի լավ ապագայի հույս է տալիս:
Միանշանակ է, որ անվտանգության ոլորտում կանանց հավասար ներգրավման խնդրի հասցեագրումը հնարավոր է, երբ հանրային կյանքի մյուս ոլորտներում ևս այդ հարցը հասցեագրված է: Այս խնդրի հասցեագրումը պահանջում է ամբողջական, այլ ոչ թե հատվածական մոտեցումներ: Գործադիրը, Ազգային ժողովը, դատական իշխանության մարմինները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները մեծ աշխատանք ունեն անելու այս ուղղությամբ:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին նշվող ՄԱԿ ԱԽ 1325 «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի ընդունման 25-ամյա հոբելյանին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունը մշակել է իր Գործողությունների ազգային երրորդ ծրագիրը (NAP), որը վերահաստատում է կանանց դերի բարձրացման և կանանց դեմ բռնության դեմ պայքարի գործում կառավարության հանձնառությունը։ Միջազգային իրավունքի մակարդակում Հայաստանի Հանրապետությունը հետևում է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային», «Միջազգային մարդասիրական իրավունքին», ինչպես նաև «Միջազգային աշխատանքի կազմակերպության» կողմից սահմանած չափանիշներին։
Այս համատեքստում ուզում եմ ընգծել նաև վերահսկողության մեխանիզմների կարևորությունը։ Հայաստանի Ազգային ժողովը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարևոր դերակատարում ունեն պաշտպանության և անվտանգությանը առնչվող կառույցներում կանանց հավասարության առաջմղման, խտրականության կամ ոտնձգությունների կանխարգելման գործում։ Նրանց ներգրավվածությունը ուժեղացնում է թափանցիկությունը և նպաստում համապատասխան բարեփոխումների իրականացմանը։
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանի անվտանգության տեսլականը համապարփակ է։ Այն ներառում է մարդու իրավունքների պաշտպանություն, ինստիտուցիոնալ վստահություն, ժողովրդավարական կայունություն և սոցիալական ներառականություն։ Կանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում՝ նախարարություններից մինչև հրամանատարական շղթա, խաղաղապահ առաքելություններից մինչև առաջնագիծ, համալրում է մեր ազգային ներուժը և ամրապնդում երկարաժամկետ խաղաղության հիմքերը։
Քանի որ Հայաստանը շարունակում է իր բարեփոխումների ուղին, մենք վճռական ենք սերտորեն համագործակցելու մեր միջազգային գործընկերների հետ։ Ձեր փորձառությունը, ձեր աջակցությունն ու ձեր ներգրավվածությունը նպաստում են այն բարեփոխումներին, որոնք կենսական նշանակություն ունեն մեր համատեղ անվտանգության և տարածաշրջանային կայունության համար։
Կրկին շնորհակալություն եմ հայտնում այս համաժողովի կազմակերպման և ելույթի հնարավորության համար։
Շնորհակալություն։