Մամլո հաղորդագրություններ

release

Կայացավ Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ղազախստանի Նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշևի հանդիպումը

28 / 04 / 2021

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ղազախստանի Նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշևը:

Հանդիպման ընթացքում կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ղազախական հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկար, հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև ջերմ կապերը, որոնք ունեն տասնամյակների պատմություն:

Քարտուղար Գրիգորյանը իր հերթին ընդգծեց, որ և՛ Հայաստանը և՛ Ղազախստանը անդամակցում են ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը և այս հանգամանքը չափազանց կարևոր է երկկողմ համագործակցության հնարավորությունների առումով: Ասետ Իսեկեշևը ընդգծեց, որ Ղազախստանի ավելի քան 11 քաղաքներում գոյություն ունեն հայկական կրթամշակութային կենտրոններ և հայ համայնքը Ղազախստանում ունի ակտիվ դերակատարություն երկրի կյանքում:

Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում օդատիեզերական արդյունաբերության և ռազմաարդյունաբերության ոլորտների զարգացմանը, ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այն փորձը, որ Ղազախստանը կուտակել է այս ոլորտներում, համոզմունք հայտնելով, որ վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին փոխադարձ այցելությունների մասին: