Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Օննո Հաննթինգին

13 / 11 / 2009

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության` ՙԱրեւելյան գործընկերության՚ հարցերով հատուկ ներկայացուցիչ Օննո Հաննթինգին եւ Հայաստանում Նիդերլանդների դեսպան Փիթեր Յան Լանգենբերգին:
Զրուցակիցները քննարկել են ՙԱրեւելյան գործընկերության՚ շրջանակում համագործակցության հեռանկարները: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, եւ որ ասոցացված համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման լավ հիմք է:
Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին, Արթուր Բաղդասարյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների ընթացքը: Օննո Հաննթինգը ողջունել է լայնածավալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, կարեւորել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջեւ եւ սահմանի բացումը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման տեսակետից: