Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանում կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ

04 / 02 / 2010

Այսօր կայացել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության եռամյա ծրագրի համաձայն` 2012 թվականի հունվարից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ: Աշխատանքային խումբը մինչեւ սեպտեմբեր պետք է մշակի Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է ո’չ միայն ներառի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ պետք է հնարավորություն ստեղծվի, որ տնտեսվարող սուբյեկտները ուղիղ էլեկտրոնային փոստով կարողանան հաղորդակցվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Սա վիթխարի ծավալի աշխատանք է ենթադրում, որը կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ավելորդ թղթատարության վերացմանը, բյուրոկրատական քաշքշուկների նվազեցմանը եւ հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին, պետական եւ համայնքային համակարգի աշխատակիցներին` աշխատել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով:
Հայեցակարգի մշակումն ու իրականացումը կզուգակցվի օրենսդրական դաշտի կարգավորմամբ, մասնավորապես` կմշակվեն եւ կառավարություն կներկայացվեն <<Տվյալների շտեմարանների մասին>> եւ <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> օրինագծերը: