Մամլո հաղորդագրություններ

release

Համագործակցություն «Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի» հետ

08 / 07 / 2019

2019թ. փետրվարին Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ) կողմից ԵՄ Արևելյան և Հարավային գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության ծրագրի առաջարկ (EU4 Monitoring Drugs project 2019-2021):

Ծրագրի տևողությունը 36 ամիս է, բյուջեն՝ 3 մլն եվրո: Ծրագրի նպատակն է առավել խորքային ծանոթանալ ԵՄ գործընկեր երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, ռիսկերի գնահատման մեխանիզմներին, նպաստել գործընկեր երկրների կարողությունների զարգացմանը, խթանել տարածաշրջանային համագործակցությանը:

Ծրագրի իրականացման շրջանակներում 2019թ. մարտի 25-29-ը ճանաչողական այցով Հայաստանում է գտնվել ԹԹՄԵԿ-ի փորձագիտական խումբը, որը հանդիպումներ է ունեցել ինչպես ԱԽ գրասենյակում, այնպես էլ թմրամոլության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված՝ ՀՀ իրավասու ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ:

2019թ. հուլիսի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել «EU4 Monitoring Drugs» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցել է ԱԽ գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Արման Ղազարյանը, ով ԱԽ քարտուղարի կողմից կոնտակտային անձ էր նշանակվել ծրագրի խորհրդատվական հանձնաժողովում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ և գործընկեր երկրներում թմրանյութերի շուկայի, մատակարարման, առողջապահական սպառնալիքների և անվտանգության հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նախատեսվող համագործակցության խորացման միջոցառումներին:

Ա. Ղազարյանի կողմից ՀՀ-ում թմրամիջոցների և թմրամոլության դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ ԹԹՄԵԿ-ին ներկայացված հարցազրույցը տեղադրվել է վերոհիշյալ կենտրոնի պաշտոնական կայքում: