Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Factor.am» եթերում

03 / 07 / 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Factor.am» եթերում խոսել է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման ավարտական աշխատանքների, ռազմավարությունում տեղ գտած հիմնական սկզբունքների ու ուղղությունների և մի շարք օրակարգային խնդիրների վերաբերյալ:

«Ռազմավարությունը վերջին մեկ տարվա ընթացքում լայնածավալ աշխատանքի արդյունք է, և կարող եմ ասել, որ ներգրավվածության առումով նաև աննախադեպ՝ ոչ միայն ԱԺ-ն ու գործադիրն են ներգրավված եղել, այլև քաղաքացիական հասարակությունը, փորձագետները, աշխատանքային խմբում փորձել ենք ընդգրկել նաև մասնագետների Սփյուռքից, որպեսզի ձևավորենք համապարփակ փաստաթուղթ։ Փաստաթղթի առավելություններից մեկն այն է, որ ձևավորման գործընթացը եղել է մասնակցային։ Մի քանի շեշտադրում կա, որ կարծում եմ՝ ռազմավարության հենասյուներից է․ ազգային շահն է, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարական կառավարումը, ինչպես նաև Հայաստանի կառավարման համակարգի դիմակայունությունը։ Նախկինում անվտանգությունը ռազմական բաղադրիչ է ընկալվել, բայց դիմակայունության շրջանակում անվտանգությունը չի կարող ընկալվել միայն ռազմական։ Կան նաև այլ բաղադրիչներ, որոնք ազդում են ռազմական բաղադրիչի վրա։ Շեշտադրումը նաև դրա վրա է արվում։ Եթե պատերազմ լինի, ամբողջ կառավարման համակարգը պետք է կարողանա դիմակայել արտակարգ, պատերազմական վիճակին, մնացած կառույցները պետք է կարողանան օգնության հասնել Պաշտպանության նախարարությանը, պաշտպանական գործում իրենց ներդրումը կատարել։ Ռազմավարությունը հաջողված ձևով փորձ է արել ուղիներ տալ, թե ինչպես է մեր անվտանգությունն ավելի բարձր լինելու», ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության և ավարտական աշխատանքների վերաբերյալ:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմին և լայնածավալ ռազմական գործողությունների կրկնության բացառմանը Ա. Գրիգորյանը ասել է. «Միանշանակ՝ բացառելու լավագույն տարբերակը ուժեղ բանակ, տնտեսություն և արդյունավետ կառավարում ունենալն է, այնպիսի սպառազինություն ու հետախուզական տվյալներ ունենալը, որոնք կբացառեն Ադրբեջանի կողմից որևէ քայլ ձեռնարկելը։ Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է քայլեր ձեռնարկել՝ ղարաբաղյան խնդիրն ուժային տարբերակով լուծելու համար, և մեր հիմնական դասերից մեկն այն է՝ Ադրբեջանին երբևէ թույլ չտալ այդպիսի քայլեր կատարել։ Հաշվի ենք առել Ապրիլյանի դասերը, որ քաղել ենք, և ռազմավարության մեջ խնդիր ենք դրել, որ չկրկնվի այդպիսի բան»։

Խոսելով ներքին քաղաքական զարգացումների և որոշ շահարկումների մասին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ «Նույնիսկ 2018 թվականի ապրիլին էին այս հարցերը բարձրացվում հեղափոխության տրամաբանության շրջանակում, որ Հայաստանում տեղի ունեցող հեղափոխությունը վնասելու է հայ-ռուսական հարաբերություններին։ Փորձը ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն դրսևորումն են գտել 2018, 2019 թվականներին։ Հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և գոյություն չունեն հարցեր, որոնք քննարկելի չեն։ Ուրիշների ճրագն են վերցրել այդ մարդիկ և փորձում են ներկայանալ հանրությանը։ Այդ ուժերը, բնականաբար, փորձելու են հունից հանել, և ինձ համար շատ զարմանալի է, որ այդ ուժերը ոչ թե իրենց դիրքավորում են որպես սուվերեն Հայաստանի ուժեր, այլ լրիվ ուրիշ տրամաբանություն ունեն։ Ա՛յ այստեղ է իմ միակ մտահոգությունը, որ այդ ուժերն իրենց չեն դրսևորում որպես սուվերեն Հայաստանի ուժեր, որևէ կապ չունեն սուվերեն Հայաստանի հետ, և հենց դա է պատճառը, որ գտնվում են պատմության լուսանցքում»:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ