Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Առաջին լրատվականի տաղավարում

19 / 06 / 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Առաջին լրատվականի տաղավարում խոսել է ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի, անվտանգային օրակարգի, ներքաղաքական իրավիճակի մասին

«Հետհեղափոխական Հայաստանում Անվտանգության խորհուրդը դարձել է այն կարևոր հարթակը, որտեղ քննարկում ենք մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր, և շատ կարևոր է, որ սա կոլեգիալ մարմին է: Քանի որ Հայաստանում կայանում էր Անվտանգության խորհուրդը, դա չէր կարող չազդել Արցախի վրա: Մենք փորձեցինք նոր լիցք հաղորդել այս հարթակին և կարծում եմ հաջողված է: Հայաստանում սկսված ժողովրդավարական գործընթացները իրենց հերթին ազդել են, որպեսզի անվտանգության համակարգը ևս ժողովրդավարական բնույթ ստանա», ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի վերաբերյալ:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Ա. Գրիգորյանը ասել է. «Մենք բազմիցս խոսել ենք, որ հեղափոխական Հայաստանի ներքաղաքական գործընթացները միայն ներքաղաքական են և արտաքին բնույթ չունեն: Շատերը կարող են ասել, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, բայց այստեղ ես համաձայն չեմ: Մենք ասել ենք, որ հեղափոխությունը դա ներքին գործընթաց է, և նաև այդ է պատճառը, որ ներքին կյանքում ահռելի հեղափոխական փոփոխությունները չեն ազդել արտաքին քաղաքականություն վրա»:

Խոսելով խաղաղության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման մասին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ «Ընդհանրապես ճիշտ կլինի ՀՀ վարչապետի ելույթները դիտարկել տրամաբանական շարունակականության մեջ: Վարչապետը հայտարարել էր, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Մենք շարունակական պնդել ենք մի քանի կարևոր դրույթներ, որ Ադրբեջանը պետք է ընդունի: Առաջինը՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Առանց Արցախի որևէ լուծում հնարավոր չէ: Մենք բազմիցս ասել ենք, որ 1994 թվականին հնարավոր է եղել հրադադար, որովհետև եղել է Ստեփանակերտի ստորագրություն: Հաջորդը այն է, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար: Չի կարող լինել մի իրավիճակ, որտեղ Արցախը չի մասնակցում հակամարտության լուծմանը»: Միաժամանակ Ա. Գրիգորյանը հավելել է, որ «Եթե կլինեն հակամարտության կարգավորման առաջարկներ, մենք այն ժողովրդի հետ կքննարկենք: Չի կարող լինել իրավիճակ, որ ժողովրդի հետևում, ժողովրդի մանդատ ստացած իշխանությունը, որևէ գաղտնի բանակցություն իրականացնի»:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ