Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

Հարցազրույց Հանրային հեռուստատեսության եթերում

18 / 02 / 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Հանրային հեռուսատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման տաղավարում։ Քննարկվում են Զինված ուժերում մահվան դեպքերը և անվտանգային մի շարք այլ հարցեր։
«Բանակում նման դեպքերի բացառման և զգալի արդյունքի հասնելու համար պետք է երկու ուղղությամբ աշխատել՝ ուժեղացնել բանակի կարգուկանոնն ու պայքարել քրեական ենթամշակույթի դեմ»: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով բանակում տարեսկզբին զինվորների մահվան դեպքերին:

«Հայ ժողովուրդը յուրահատուկ վերաբերմունք ունի բանակի նկատմամբ և ցանկացած պաշտոնյա հասկանում է, որ բանակում տեղի ունեցած իրադարձություններն ավելի զգայուն են ընդունվում, որովհետև մենք ունենք անվտանգության հանդեպ ավելի զգայուն մոտեցումներ»,-նշել է ԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի մոտ անցկացված խորհրդակցությանը՝ Արմեն Գրիգորյանն ասել է, թե դրա նպատակը բանակի խորքային խնդիրները հասկանալն էր: «Առաջինը կարգուկանոնի ուժեղացումն է, որ թույլ կտա մինիմալի հասցնել կամ բացառել նման դեպքերը, մյուսը քրեական ենթամշակույթն է, որն ազդում է նման երևույթների վրա»,-ասել է քարտուղար Գրիգորյանը՝ նշելով, որ ինչքան էլ բանակում ուժեղացնեն կարգուկանոնը, եթե քրեական ենթամշակույթի դեմ պայքար չլինի, արդյունքներն էլ զգալի չեն լինի:

Հարցին՝ դեպքերի համար կա՞ն կոնկրետ պատասխանատուներ, թե՞ պատճառը միայն քրեական ենթամշակույթն է, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ միայն քրեական մշակույթը մեղավոր դիտարկելով՝ որևէ լուծում չենք գտնի: «Այս պահին կան և հետագայում ևս կլինեն կադրային որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ պատասխանատուներ կան նման իրավիճակի համար: Կա քրեական ենթամշակույթ, բայց և կա անհատների պատասխանատվության խնդիր»,-ասել է քարտուղար Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը կարևորել է նաև բանակի ընդհանուր բարեփոխման տրամաբանությունը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթ ասելով՝ կարևոր դեր է տրվում Ռազմական ոստիկանությանը: «Ռազմական ոստիկանությունը պետք է իր աշխատանքները կատարի, և այստեղ մենք ունենք բարեփոխումների հայեցակարգ, որը մշակման փուլում է և շուտով հնարավորություն կլինի դրա մասին խոսել»,-նշել է պարոն Գրիգորյանը՝ ընդգծելով, թե բանակի բարեփոխման համար տարբեր ուղղություններով աշխատանքներ պետք է տարվեն: Նա կարևորել է նաև նման դեպքերի բացահայտումը՝ նշելով, թե խնդիրը հստակ է դրված՝ այլևս այնպես չի լինելու, որ ինչ-որ գործի ամբողջական հրապարակայնություն չապահովվի: «Բարդություններ կան բանակի փակ լինելու և անվտանգության առումով, բայց մեր համոզմունքն այն է, որ պետք է մաքսիմալ այնպես անել, որ հրապարակայնություն ապահովենք. բոլոր գործերը քննվեն, և դրանց արդյունքում կարողանանք նաև այնպիսի քաղաքականություն մշակել, որ բացառենք նման դեպքերը»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ