Հայտարարություններ

announcement

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ

09 / 05 / 2020

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա եռատոնի կապակցությամբ, որն այսօր տոնում ենք համաշխարհային համավարակի թելադրած հանգամանքներում:

Արցախյան պայքարում մենք վերաիմաստավորել ենք ֆաշիզմի դեմ համամարդկային հաղթանակը՝ ամրագրելով խաղաղությունը՝ որպես համամարդկային արժեք, բռնության դեմ պայքարը՝ հրամայական, իսկ հաղթանակը՝ մեր մշակույթի անբաժան մաս:

Մենք՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կարողացել ենք մեր դերը վերգտնել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ ներդրում ունենալ համաշխարհային չարիքի դեմ պայքարում, այնուհետև Արցախյան պատերազմում փայլուն հաղթանակ տանել։

28 տարի առաջ կարողացանք ազատագրել Շուշին՝ բեկելով խաղաղության հաստատման ընթացքը: «Հարսանիք լեռներում» օպերացիան մեր ռազմական մտքի, պայքարի և հաղթական ոգու, սեփական կարողություններին հավատալու և դրանք արդյունավետ գործադրելու ամենավառ օրինակներից է:

Իր ունեցած ռազմաքաղաքական նշանակությամբ, պատմական առումով և ռազմավարական փայլուն մտահղացմամբ ու իրագործմամբ Շուշիի ազատագրման օպերացիան մեզ տվեց ոգու այնպիսի լիցք, առանց որի հնարավոր չէին լինի հետագա հաղթանակները:

Այսօր՝ անկախության և ժողովրդավարության պայմաններում, մենք պետք է շարունակենք վերաիմաստավորել մեր հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն, զարգացնելով մարդկային ներուժի հենքի վրա ուժային գործիքակազմ և մշտապես պատրաստ լինելով խաղաղության հաստատմանն ու նոր հաղթանակների կերտմանը:

Խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների հիշատակի առջև: