Մամլո հաղորդագրություններ

release

Հայաստանն ու Հնդկաստանը անվտանգության հարցերով խորհրդակցություններ կանցկացնեն

04 / 03 / 2011

Այսօր շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Հնդկաստանում: Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի եւ Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ անվտանգության հարցերով պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել, ինչը հնարավորություն կտա ավելի մոտեցնել միմյանց դիրքորոշումները անվտանգության մարտահրավերներին դիմակայելու գործում: Կողմերը կարեւորել են երկխոսությունը տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման գործում: Արթուր Բաղդասարյանը Շիվ Շանկար Մենոնին հրավիրել է Հայաստան, հրավերն ընդունվել է: Քննարկվել է նաև Հայաստան կատարվելիք այցի ընթացքում Հայաստանի եւ Հնդկաստանի անվտանգության խորհուրդների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագիր ստորագրելու հարցը, ինչը նոր լիցք կհաղորդի երկու երկրների փոխհարաբերություններին, կստեղծվի երկկողմ հետքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր քննարկելու գործուն մեխանիզմ:
Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման, միջբուհական համատեղ կրթական ծրագրերի իրականացման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ընթացքում որոշվել է կյանքի կոչել դեռեւս 2006 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունը` Երեւանում բացել տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոն: Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ դա կարող է հիմք հանդիսանալ այս ոլորտում հետագա համագործակցության խորացման համար: Կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել այս տարվա ընթացքում կենտրոնի ստեղծման մեկնարկը տալու համար: Սաչին Պայլոտը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել այդ գործին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ աշնանը Երեւանում կազմակերպել համաժողով, որին կմասնակցեն երկու երկրների բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, գիտնականներ, գործարարներ:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Հնդկաստանի առեւտրաարդյունաբերական պալատի դաշնության գլխավոր տնօրեն Ռաջիվ Կումարի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը, ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմակերպել հայ-հնդկական գործարար համաժողով: