Մամլո հաղորդագրություններ

release

Սահմանային անվտանգության ապահովման հարցերում Հայաստանը կհամագործակցի FRONTEX-ի հետ

24 / 03 / 2011

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության (FRONTEX) գործադիր տնօրենի հատուկ հարցերով խորհրդական Գրահամ Լիզին եւ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ռիկ Վեյջերմանսին:

Արթուր Բաղդասարյանի` նախորդ տարվա նոյեմբերին Վարշավա կատարած այցի ընթացքում գործակալության գլխավոր տնօրենի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել համագործակցություն սկսել Հայաստանի եւ FRONTEX-ի միջեւ, որի արդյունքը պետք է լինի տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Գործակալությունը առանցքային դերակատարում ունի սահմանների կառավարման ինտեգրված մոդելի զարգացման գործում` ապահովելով Եվրամիության արտաքին սահմանների անվտանգությունը, ինչպես նաեւ` նպաստելով երրորդ երկրների հետ համագործակցության զարգացման եւ միգրացիոն հոսքերի նպատակաուղղված կառավարման գործընթացներին:
Գործակալությունը սերտ համագործակցում է Եվրամիության եւ նրա արտաքին սահմանների անվտանգության համար պատասխանատու մարմինների հետ, մասնավորապես` Եվրոպոլի, մաքսային, ֆիտոսանիտարական եւ անասնապահական հսկողության, ներքին եւ սահմանային անվտանգության համար պատասխանատու իրավապահ մարմինների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա իրականացնել համատեղ օպերացիաներ եւ պիլոտային ծրագրեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը մեծ նշանակություն կունենա ԵՄ չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու, սերտիֆիկացված լաբորատորիաներ ձեւավորելու, ինչպես նաեւ` արհեստավարժ կադրեր պատրաստելու համար:
Գործակալությունն արդեն համագործակցության երկկողմ համաձայնագրեր է կնքել ԵՄ անդամ 13 երկրների հետ, որոնք ներառված են Շենգենյան գոտում: