Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ադամ Կոբերացկիին

14 / 09 / 2011

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-Հայաստան համագործակցությանը, Հայաստանում սահմանային անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք ընդգծվել է, որ ԵԱՀԿ-Հայաստան համագործակցությունն անվտանգությանն առնչվող ոլորտներում արդյունավետորեն զարգանում է: Այս համատեքստում առանձնացվել են կիբեր-անվտանգության, հակաահաբեկչության և մարդկանց թրաֆիքինքի դեմ պայքարի ոլորտները, որտեղ հայեցակարգերը և ռազմավարությունները մշակվել են համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների կողմից` ԵԱՀԿ փորձագետների ներգրավվածությամբ:
Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ԵՄ ֆինանսավորմամբ և իրականացնող գործընկեր ՄԱԶԾ-ի աջակցությամբ ընթացող սահմանների համալիր կառավարման ծրագրի իրականացման գործընթացը: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ավարտվել են Հայաստանի հյուսիսային երեք սահմանային անցակետերի բարեփոխման նախագծահաշվարկային աշխատանքները, մոտ ապագայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների մասնակցության միջազգային մրցույթ, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն 2012թ. առաջին եռամսյակում:
Ադամ Կոբերացկին նշել է, որ ԵԱՀԿ-ն խիստ կարևորում է եվրոպական ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող սահմանների առկայությունը անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի համատեքստում: Նա նաև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ն նույնպես պատրաստ է հետագայում ներգրավվել բարեփոխումների գործընթացում` խորհրդատվական աջակցության տեսքով, քանի որ ԵԱՀԿ-ն սահմանների հարցերով խորհրդատուների ամենամեծ բազա ունեցող միջազգային կառույցն է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող քննարկման ընթացքում Արթուր Բաղդասարյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաարդյունավետն է, քանի որ երկար տարիներ գործընթացում ներգրավված լինելով` խումբն առավելապես տիրապետում է հակամարտության բոլոր նրբերանգներին և մանրամասներին, իսկ թե տարածաշրջանում, թե ամբողջ աշխարհում ազդեցիկ ուժեր համարվող համանախագահող երկրները խորապես շահագրգռված են հիմնախնդրի արագ և արդար լուծմամբ:
Արթուր Բաղդասարյանը նաև իր մտահոգությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ի հակադրություն բազմիցս հրապարակայնորեն հնչեցված Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշման, բանակցային գործընթացին շարունակում է խոչընդոտել Ադրբեջանի փոփոխական կեցվածքը, իրարամերժ դիրքորոշումները և նույնիսկ սեփական ժողովրդի մեջ հարևանի նկատմամբ ատելություն սերմանող ռազմատենչ հայտարարությունները: