Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Անդրեա Ֆոնտանային

23 / 09 / 2011

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի զարգացման և համագործակցության-եվրոպական օգնության գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեա Ֆոնտանայի գլխավորած պատվիրակությանը:

Պարոն Ֆոնտանան ողջունել է մի շարք ուղղություններով, այդ թվում ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում և ինտեգրված սահմանի կառավարման գործընթացներում գրանցված առաջընթացը: Նա նաև ընդգծել է Հայաստանի Հանրապետության մի շարք պետական կառույցներում ներգրավված ԵՄԽԽ խորհրդատուների գործունեության կարևորությունը: Պարոն Ֆոնտանան տեղեկացրել է, որ ընթացքի մեջ է Ազգային ինդիկատիվ ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից հաջորդ երկու տարվա համար Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության տրամադրման գործընթացը, որն առավելապես իրականացվում է ՀՀ պետական գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա և առաջնահերթության կարգով` ըստ ԵՄ օժանդակության անհրաժեշտությունն ունեցող ոլորտների:
Որպես եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը: Նա նշել է, որ ավարտին է մոտենում Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստան-ԵՄ 197 կետից բաղկացած 2009-2011թթ. գործողությունների ծրագիրը, և արդեն մշակման փուլում է նոր` 2012-2014թթ. ծրագիրը: Այս համապարփակ փաստաթուղթը պետք է բխի Հայաստանի Հանրապետությունում Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող բարեփոխումների խթանման ռազմավարությունից և իր մեջ ներառելու է ԵՄ խորհրդատուների և փորձագետների, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների առաջարկները: