Մամլո հաղորդագրություններ

release

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ

06 / 10 / 2012

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-Եմ Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքների ներկայացումը, ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի 3-րդ եռամսյակի կատարողականի ամփոփումը, ինչպես նաև 2012թ. մայիսի 15-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված «Արևելյան գործընկերություն. Ճանապարհային քարտեզ 2012-2013թթ.» փաստաթղթով նախանշված միջոցառումների` ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների ամփոփ ներկայացումը:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի է ունեցել Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների 2-րդ փուլը, իսկ առաջիկա երկու ամիսները լի են ՀՀ-ԵՄ համագործակցության նոր զարգացումներով, մասնավորապես առաջիկայում Բրյուսելում տեղի կունենա Հայաստան –Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը և ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի հերթական նիստը: «Հայաստանը թևակոխում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրման փուլ և 2012-2013թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները պետք է սահմանված ժամկետում և ամբողջությամբ իրականացվեն: Ավարտական փուլում են նաև ԵՄ-ի հետ մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները»,- նշեց Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասով բավականին առաջընթաց կա, աշխատանքները նորմալ տեմպերով իրականացվում են, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ 2013թ. վերջին համաձայնագիրը կստորագրվի:


Խոսելով 2012թ. մայիսի 15-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակվաշծ «Արևելյան գործընկերություն. Ճանապարհային քարտեզ 2012-2013թթ.» փաստաթղթով նախանշված միջոցառումների մասին` Ազգային անվտանգության խորհրդի Քարտուղարը նշեց. «Ճանապարհային քարտեզը կենտրոնանում է համատեղ համաձայնեցված հիմնական նպատակների վրա` քաղաքական համագործակցություն և տնտեսական ինտեգրում, անվտանգ ու արդյունավետ կառավարվող միջավայրում քաղաքացիների շարժունակության ընդլայնում և ոլորտային կայուն համագործակցություն: Փաստաթղթում ներկայացված պարտավորությունները հիմնականում իրականացվում են ՀՀ գերատեսչությունների կողմից և ունեն բնականոն զարգացումներ»:
Նիստի ամփոփիչ հատվածում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը հանդես եկան իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով: