Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղարի հարցազրույցը Հանրային Ռադիոյի եթերում

23 / 07 / 2020

Հանրային Ռադիոյի եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Տավուշյան դեպքերի, Ազգային անվտանգության նոր ռազմավարության և դրանում ամրագրված ազգային շահերի մասին:

Տարածաշրջանային խողովակաշարերի և դրանց անվտանգության մասին խոսելիս Ա. Գրիգորյանը ասել է. «Մենք հանդիսանում ենք այդ խողովակաշարերի անվտանգության երաշխավորողը և Ադրբեջանի սադրիչ ցանկացած քայլ միայն սպառնալիք է ստեղծում: Կարող եմ հստակ պնդել, որ խողովակաշարերը խոցելու հնարավորություններ նախկինում էլ են եղել, բայց մենք երբեք տարածաշրջանային անվտանգությանը և տնտեսական գործունեությանը սպառնալիք չենք ստեղծում: Ավելին մենք հնարավոր սպառնալիքները չեզոքացնում ենք և անվտանգության միջավայր ենք ստեղծում»:

Տավուշյան դեպքերի և որոշակի շրջանակների կողմից մեկնաբանություններին ի պատասխան ԱԽ քարտուղարը ասել է. «Այն մարդիկ ովքեր հայտարարում են, որ Վարչապետը ներդրում չի ունեցել՝ զրո գիտելիք ունեն պատերազմի, պետական կառավարման համակարգի մասին: Մեր զինված ուժերը իրենց առջև դրված բոլոր խնդիրները կատարել են: Նաև գործել է կուռ կառավարման համակարգ, որի արդյունքում թիկունքն է եղել ուժեղ: Հանրային մոբիլիզացիան եղել է շատ բարձր մակարդակի վրա: Անվտանգության բոլոր ինստիտուտները աշխատել են և այդ ամբողջը համակարգում էր Վարչապետը»:

Հայաստանի ազգային հիմնարար շահերի մասին խոսելիս ԱԽ քարտուղարը նշել է, որ «Մենք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և Արցախը ձևակերպել ենք որպես մեկ ընդհանուր ազգային շահ: Մյուս ազգային շահը խաղաղությունն ու փոխգործակցությունն է: Մենք խաղաղության համար ենք մեր զինված ուժերի կարողությունները ավելացնում, մենք խաղաղության համար ենք զարգացնում տնտեսությունը, մենք խաղաղության համար ենք պայքարում, և դա է մեր նպատակը: Հաջորդը՝ ժողովրդավարությունն է. վերջին երկու տարիների և հուլիսյան դեպքերի փորձը ցույց է տվել, որ ժողովրդավարությունը արդեն մեծ ներդրում ունի անվտանգության ապահովման գործում»:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ