Հայտարարություններ

announcement

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ուղերձը՝ նվիրված Սահմանադրության օրվան

05 / 07 / 2019

Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր դարավոր նպատակադրումն ու երազանքը: Սահմանադրությունն առաջին հերթին տվյալ ժողովրդի մտածողության ճարտարապետության արձանագրումն է և միևնույն ժամանակ այն իդեալը, որին պետք է հավերժ ձգտել: Այս ուղղությամբ արդեն իսկ մեծ գործ է արվել, բայց ժողովրդավարացումը և իրավականությունն անվերջ կատարելագործման ենթակա մեծություններ են:

Այսօր տեղին է վերհիշել հայ իրավական մտքի կարևորագույն փաստաթղթերից մեկը, որը գալիս է ապացուցելու իրավականության հիմնարարությունը մեր ժողովրդի համար, որտեղ առաջին անգամ հայ իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական միտքը, ինչպես նաև պետական նոր մտածողություն սկիզբ դնելով։ Խոսքը, իհարկե, «Որոգայթ փառաց» ծրագրային երկի մասին է: Այս աշխատությունը մոտ 250 տարի առաջ, հայ իրավական միտքը բարձրացնելով նոր մակարդակի, սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին այսօրվա իրականությանը։
Կարևոր եմ համարում նշել, որ Սահմանադրությունը մեր ներքին կյանքի անվտանգության ամենակարևոր երաշխավորն է։ Սահմանադրությունը և մեր ազատություններն են նաև այն կառուցակարգերը, որոնք մենք պաշտպանում ենք և հանուն որոնց մեր ամենօրյա աշխատանքով կատարելագործում ենք Հայաստանի անվտանգության համակարգը:

Մաղթում եմ բոլորիս, որ հնարավորություն ունենանք լիարժեքորեն վայելելու մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված այն հասարակությունը, որն ինքներս ենք կառուցում: